Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

«Մեր պատմաբանները քամահրանքով ընդունեցին այն, որ Անդրանիկին դնում են Գարիբալդիի, Մակեդոնացու և մյուսների կողքին»

«Մեր պատմաբանները քամահրանքով ընդունեցին այն, որ Անդրանիկին դնում են Գարիբալդիի, Մակեդոնացու և մյուսների կողքին»
09.10.2015 | 08:52

Ընթերցողի սեղանին է Անդրանիկ Օզանյանի հոգեզավակի` Վազգեն Անդրեասյանի «Անդրանիկ» հուշապատումը: Գիրքը լույս է տեսել Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի (ԳԱԹ) նախաձեռնությամբ, պետպատվերի շրջանակում: Գիրքը կազմել և ծանոթագրել է ԳԱԹ-ի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանը, խմբագրել և ձևավորել է Համլետ Հակոբյանը:
Վազգեն Անդրեասյանն այս գիրքը լույս է ընծայել Բեյրութում, 1982-ին: ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նշեց, որ այն ինչ-ինչ պատճառներով դուրս է մնացել ուսումնասիրողների ուշադրությունից. «Համենայն դեպս, Զորավարի մասին ինձ հայտնի տասնյակ ու տասնյակ ուսումնասիրությունների գրականության ցանկերում այս գրքի մասին որևէ հիշատակություն չկա, և մենք հարկ համարեցինք Զորավարի ծննդյան 150-ամյակի առիթով վերահրատարակել»:
Կարո Վարդանյանի խոսքով` գիրքն առանձնանում է ականատեսի հավաստիությամբ. 11-12 տարեկան Վազգեն Անդրեասյանը պատեհություն է ունեցել Վահան Թոթովենցի միջոցով ծանոթանալու զորավարի հետ, ով նրան վերցրել է իր հոգածության տակ: Վազգեն Անդրեասյանն ամեն օր շփվել է Անդրանիկի հետ, տեսել այն տիեզերական մտահոգությունը, որ կար Զորավարի ուսերին իր ժողովրդի այդ օրհասական օրերին:
Կարո Վարդանյանը նկատեց նաև, որ մեր ժողովրդի հոգեկերտվածքին խորթ է կուրորեն մեկին հետևելը, աստվածացնելը, միայն Անդրանիկն էր, ում հետևից տասնյակհազարավոր ժողովուրդ էր գնում. «Հատկապես հուզիչ են հուշագրության այն հատվածները, որտեղ հեղինակը խոստովանում է, որ իր սերնդի մանուկների պատկերացումներով սպիտակ ձիու վրա նստած հրացանակիր հերոսի անունը «Քաջանդրանիկ» է եղել, այնքան որ իրարից անբաժան են եղել «քաջ» և «Անդրանիկ» բառերը: Ճիշտ այնպես, ինչպես հետագայում իրարից անբաժան դարձան «Զորավար» և «Անդրանիկ» բառերը»:
Գրքում զետեղված է նաև բրիտանացի հազարապետ Գիբոնսի հոդված-հուշագրությունը: «Բրիտանացի այս սպան, որպես պատվիրակության ղեկավար, Բաքվից ուղարկվել էր Սյունիք՝ քննարկելու Զորավարին ուղեկցող 30000 գաղթականությանը սննդով ապահովելու հնարավորությունները և մանավանդ թաթար-ազերիների շարունակական վայնասունն այն մասին, թե Անդրանիկը տեղահան է անում Սյունիքի թաթարաբնակ գյուղերն ու բնաջնջում,- ասաց Կարո Վարդանյանը:- Գալիս է տեսնելու մի ջարդարարի, բայց տեսնում է համաշխարհային հեղինակությամբ Զորավարի, որի զորամիավորումը աչքի էր ընկնում բացառիկ կարգուկանոնով: Հետագայում Գիբոնսը գրելու էր. «Ես առաջին անգամ այս տարածաշրջանում տեսա միակ ճերմակ մարդուն (այսինքն՝ ազնվազարմ), ով իր ներկայությամբ կայունություն էր ստեղծում տարածաշրջանում, ում վստահում էր նույնիսկ թաթար խաղաղ ազգաբնակչությունը»: Պատկերացրեք, Լոնդոնի հատուկ դպրոցում պատրաստություն անցած բրիտանացի գոռոզ սպան տարվում է Զորավարի հմայքով ու բարձր հեղինակությամբ, վերադառնալով Լոնդոն, հուշեր է գրում նրա մասին: Հոդվածը հայերեն թարգմանությամբ լույս է տեսնում Եգիպտոսի «Արև» օրաթերթի 1919-20 թթ. համարներում: Կարծում եմ, Վ. Անդրեասյանը հեռատես է գտնվել հոդվածը գրքում արտատպելով, քանզի այն մնացել էր մամուլում և շատ քչերին էր հասանելի»:


Տասնյակ աշխատություններ, հուշագրություններ կան Զորավարին նվիրված, ինչո՞ւ է Կարո Վարդանյանն ընտրել այս գիրքը: Նրա պարզաբանմամբ` այդ ամենի հորձանուտը մտնելով` անպատրաստ մարդը կարող է մոլորվել, որովհետև մեծ մասը պատվիրված կուսակցական գրականություն է` որոշակի միտումով. «Այդ սև գիծը մշտապես եղել է, այսօր էլ շարունակվում է կազմակերպված խարդավանք Զորավար Անդրանիկի գործի և հիշատակի հանդեպ: Վկայությունն էլ այն է, որ այս տարի Անդրանիկի ծննդյան 150-ամյակն է, և նույնիսկ պետական հանձնաժողով չստեղծվեց նշելու համար այդ հոբելյանը, այն դեպքում, որ գոնե օտար պատմագրության մեջ Անդրանիկը համարվում է ոչ միայն մեր հերոսը, այլև Առաջին աշխարհամարտի ամենահերոսական, ամենադրամատիկ կերպարը, նրա անունը տեղ է գտել ռուս ռազմական պատմաբան Ալեքսեյ Շիշովի «100 մեծ հերոսները» գրքում: Մեր պատմաբանները քամահրանքով ընդունեցին այն, որ Անդրանիկին դնում են Գարիբալդիի, Մակեդոնացու և մյուսների կողքին: Բայց վկայություններ կան, ռուսական ռազմական աղբյուրները լեփ-լեցուն են Անդրանիկի ռազմական հանճարը փաստող հեռագրերով, զեկուցագրերով»:
Հավելենք, որ 2014-ին Կարո Վարդանյանի թարգմանությամբ առանձին գրքով լույս են տեսել սիբիրցի պորուչիկ Ալեքսեյ Կոլմակովի հուշերը Անդրանիկի մասին: «Գիբոնսի հուշագրությունը սկսվում է ճիշտ այն տեղից, որտեղ վերջանում է Կոլմակովինը»,- ասաց Կարո Վարդանյանը, ընդգծելով, որ այս երկու երևելի օտարերկրացիների արժեքավոր վկայությունները, միմյանց լրացնելով, էական պարզաբանումներ են տալիս ժամանակի բազմակնճիռ իրադարձությունների մասին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ